ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ներկայացվեց Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցը

14.11.2014
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը պատրաստվել է  2013-14 թթ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մասնագետների և փորձագետների կատարած մեծածավալ ուսումնասիրությունների ու քննարկումների հիման վրա: Ուսումնասիրության նպատակն է՝ բազմակողմանիորեն գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում առկա վիճակն ու ներուժը և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ինովացիոն գործընթացների ակտիվացմանն ուղղված  առավել արդյունավետ քաղաքականության մշակման գործում: Ուսումնասիրությունների ընթացքում Հայաստանում փորձագետների աշխատանքը համակարգել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:

Բացման խոսքում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը, շնորհակալություն հայտնելով հայ մասնագետներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունն ու գնահատումը հաշվի կառնվեն Հայաստանի ինովացիոն ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակողների կողմից: Նա նշեց, որ չնայած Հայաստանում ինովացիոն գործընթացների զարգացման ակնհայտ միտում կա, այնումենայնիվ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց կարևորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը շարունակելու և սերտացնելու պատրաստակամություն հայտնեց և ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մշակված իրավական ակտերն ու միջազգային պայմանագրերը և այլն:

Այնուհետև զեկույցը ներկայացնելու համար խոսքը տրվեց հեղինակներին: Նշենք, որ զեկույցը բաղկացած է 7 բաժնից, յուրաքանչյուր բաժնի վերջում տրված են եզրակացություններ և համապատասխան խորհրդատվություն: Փաստաթղթում հանգամանորեն ներկայացված են ՀՀ գիտական և գիտատեխնիկական կառուցվածքի ներկայիս վիճակը, ազգային գիտաինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն-արտադրություն կապն ու ինովացիոն գործընթացներում համագործակցությունը, ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրները:

Զեկույցի ռուսերեն տարբերակ

Զեկույցի անգլերեն տարբերակ 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին