ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Առաջին կիսամյակի գործունեության ամփոփում` «Արմենպրեսում»

25.07.2019

Հուլիսի 25-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ամփոփեց  կոմիտեի 2019 թ. առաջին կիսամյակի աշխատանքները:

Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Կիսամյակի ընթացքում գիտական հանրության շրջանում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած թեման կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումն էր: Այդ կապակցությամբ ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. ապրիլի 23-ի «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները և չափանիշները հաստատելու մասին» N 390-Ա/2 հրամանը: Կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը թույլ կտա հետագայում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ նրանց տարակարգման: Այժմ մշակման փուլում է արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը, ինչի համար կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ` տարբեր կազմակերպություններ ներկայացնող մասնագետներից կազմված: ՀՀ գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման գործընթացը և կոմիտեի կողմից մշակված մեթոդաբանությունը մեծ հետաքրքրություն են առաջացրել ԱՊՀ պետությունների, մասնավորապես` Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչների մոտ, որոնք առաջարկել են կազմակերպել փորձի փոխանակում:

Մշակվել են ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրի նախագծի նախապատրաստման նպատակով գիտության ոլորտի առաջիկա հինգ տարիների բարեփոխումներին և զարգացմանը միտված առաջարկությունները, որոնք ներառվել են ծրագրում և հաստատվել ՀՀ կառավարության կողմից: Մշակվել են նաև «Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թթ. գերակայությունները սահմանելու մասին» և «Գիտության ոլորտի երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի նախնական տարբերակները, որոնք ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն 2-րդ կիսամյակում:

ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ պայմանավորված` այսուհետ Գիտության կոմիտեն ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման, գիտական գործուղման, գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման, ինչպես նաև գիտական աշխատությունների հրատարակման և գիտության մասսայականացման համար ֆինանսական աջակցության տրամադրումը կիրականացնի մրցութային կարգով: Կիսամյակի ընթացքում կոմիտեում մշակվել և հաստատվել են համապատասխան կարգերը:  

Սամվել Հարությունյանը հայտնեց, որ լուրջ աշխատանքներ են տարվել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ: Գործարկվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ընթացքում ստացված գիտական արդյունքների ներկայացման միասնական համակարգը» (https://orgs.scs.am/), որի միջոցով կստեղծվի ՀՀ պետական բյուջեի հաշվին գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ լիարժեք բազա, ինչը թույլ կտա գնահատել նրանց գործունեության արդյունավետությունը: Նա ներկայացրեց նաև թվային տվյալներ գիտական կազմակերպությունների աշխատակիցների (6056 գիտական և վարչական աշխատողներ), գիտական աստիճանի համար հավելավճար ստացողների (597 դոկտոր և 1500 թեկնածու), ֆինանսավորված գիտական գործուղումների, գիտաժողովների, ամառային դպրոցների, կազմակերպված մրցույթների և այլ ծրագրերի վերաբերյալ:

Միջազգային համագործակցության ուղղությամբ 2019 թ. հունվարի 25-ին ստորագրվել է համագործակցության ծրագիր` կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև կնքված գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն` արդեն հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթ, որի համար ստացվել է 28 հայտ:

Մշակման փուլում է ՉԺՀ արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության Չինաստանի երկրաշարժերի վարչության հետ հուշագրի նախագիծը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է սեյսմիկ անվտանգության խնդիրներ ուսումնասիրող միջազգային գիտական ցանցին միացում, հայ-չինական լաբորատորիայի և Հայաստանի տարածքում սեյսմոլոգիական կայանների ստեղծում: Նա նշեց, որ այդ ուղղությամբ չինական կողմի հետ արդեն ակտիվ կապեր ունի ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը:

Հուշագիր է պատրաստվում նաև Իսրայելի պետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության հետ համագործակցելու համար:

Կիսամյակի ընթացքում կոմիտեն ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության, ինչպես նաև Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակվող տարածաշրջանային ինովացիոն քաղաքականության ընդհանուր նկարագրի մասին զեկույցի նախապատրաստման նպատակով:

 

ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին