ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ներկայացվեցին Գիտության կոմիտեի 2019 թ. ծրագրերը, պարզաբանվեցին գիտության ֆինանսավորման խնդիրները

07.02.2019

Փետրվարի 7-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը` նվիրված կոմիտեի 2019 թ. գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև վերջին շրջանում գիտական հանրության շրջանում լայն հետաքրքրություն ներկայացնող բազային ֆինանսավորման խնդիրներին:

Բանախոսը նախ համառոտ ներկայացրեց Գիտության կոմիտեի առաջիկա 5 տարիների ընթացքում գործունեության հիմնական ուղղությունները` գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացում, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմանների ստեղծում, Հայաստանի զարգացման ծրագրերում արտասահմանում գտնվող հայ գիտնականների ներգրավում, գիտական, բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցության կենտրոնների ստեղծում, կրթություն-գիտություն կապի սերտացում, գիտության ոլորտում արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների ներդրում և այլն: Նշված նպատակներին հասնելու համար նախատեսվում է գիտության ոլորտին տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին: Կրթություն-գիտություն կապի սերտացման նպատակով կստեղծվի բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանց՝ ըստ գիտական գործունեության բնագավառների, կապահովվի ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում: Հայաստանում գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումներին միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող համակարգ:

Ս. Հարությունյանը  նշեց, որ 2019-ին, ներկայացված հիմնական միջոցառումներից  բացի, շարունակվելու են կոմիտեի ընթացիկ ծրագրերը. իրականացվելու է գիտական կազմակերպությունների հերթական անձնագրավորումը, աշխատանքներ են տարվելու միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, կազմակերպվելու են գիտական թեմաների ընտրության ներպետական և միջազգային մրցույթներ, շարունակվելու է նախկինում ընտրված թեմաների ֆինանսավորումը և այլն:

Ասուլիսի հիմնական թեման հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումն էր, ինչի հետ կապված վերջին շրջանում դժգոհություններ էին առաջացել գիտական հասարակության շրջանում: Կոմիտեի նախագահը, ներկայացնելով խնդիրը, նշեց, որ փետրվարի 6-ի ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել գիտության կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, ինչի արդյունքում գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված և հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային ֆինանսավորումը կտրամադրվի անմիջականորեն՝ ապահովելով այդ տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը (մանրամասները` կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ):

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ս. Հարությունյանը նշեց, որ, այնուամենայնիվ, նշված կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման ձևը 2020 թվականից  կփոխվի. ֆինանսավորումը կիրականացվի կատարողականի հիման վրա: Նշված միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել նաև գիտնականների աշխատավարձը:  Նա լրագրողներին մանրամասն ներկայացրեց նախատեսվող գործընթացի ժամանակ հաշվի առնվելիք սկզբունքները, ինչպես նաև ներկայացրեց գիտական հիմնարկների` ռեյտինգային ֆինանսավորման անցնելու կարգի նախագիծը, որն այժմ մշակվում է հատուկ այդ նպատակի համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

 

Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել «Արմենպրես» լրատվական գործակալության կայքից: