ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տարեվերջյան ամփոփիչ հաշվետվություն՝ «Փաստարկ» ակումբում

27.12.2010

Դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝  «Գիտության պետական կոմիտեի 2010 թվականի գործունեության ամփոփումը եւ 2011 թվականի ծրագրերը» թեմայով:

 

Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին, ՀՀ կառավության եւ ՀՀ վաչապետի կողմից ընդունված որոշումներին ու Գիտության պետական կոմիտեի  մշակած իրավական ակտերի նախագծերին:

 

Ներկայացնելով կոմիտեի ընթացիկ գործունեությունը՝ Ս. Հարությունյանը թվային տվյալներ ներկայացրեց 2010-ին հայտարարված գիտական ծրագրերի մրցույթների, կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված  երիտասարդական ամառային դպրոցների, գիտաժողովների կազմակերպման եւ միջազգային գիտաժողովների մասնակցելու համար տրված ֆինանսական աջակցության, ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրավորման, գիտնականների վերաբերյալ տվյալների հավաքագրման եւ այլնի մասին:

 

Անցած տարին արդյունավետ էր եղել միջազգային համագործակցության բնագավառում. համագործակցության համաձայնագրեր են կնքվել Բելառուսի Հանրապետության գիտության եւ  տեխնոլոգիաների պետական կոմիտեի, Գիտության եւ  տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի, Հիմնարար  հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ: Նոյեմբերի 23-ին SPRINGER SCIENCE AND MEDIA BV ընկերության հետ կնքվել է SPRINGERLINK ինֆորմացիոն համակարգի լիցենզիայի տրամադրման մասին պայմանագիր: Պայմանագիր է կնքվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ՝ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության դրամաշնորհների տրամադրման մասին ծրագրի հետ կապված:

 

Միջազգային համագործակցությանը մեծ տեղ է հատկացված նաեւ Գիտության պետական կոմիտեի 2011 թ. ծրագրերում: Հաջորդ տարի նախատեսվում է մշակել  եւ ՀՀ կառավարություն ներկայացնել հայագիտության զարգացման եւ գիտության ոլորտի ռազմավարության 5-ամյա ծրագրերը, Հետազոտական համալսարանի փորձնական մի ծրագիր: Գիտատեխնիկական խորհրդի հետ աշխատանքների շրջանակներում 2011-ին կներկայացվեն մի շարք ծրագրեր, այդ թվում՝ փոքր ու միջին քիմիայի , գյուղմեքենաշինության զարգացման, նոր պարարտանյութերի ծրագրերը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին