ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոր համագործակցություն հայագիտության ոլորտում

29.10.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 22-ից 25-ը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հրավերով Մոսկվայում մասնակցել է թեմին կից գործող Հայագիտական կենտրոնի ու գիտական խորհրդի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կազմակերպված «Ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հոգևոր-բարոյական հանցագործություն» գիտաժողովին:

Գիտաժողովը կազմակերպվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Գիտաժողովին մասնակցել և զեկուցումներով հանդես են եկել ավելի քան 18 երկրների ներկայացուցիչներ:  Աշխարհի տարբեր երկրների հայ և օտարերկրյա գիտնականների կողմից զեկուցումներ են հնչել Ցեղասպանագիտության, հայ ժողովրդի պատմության, պատմամշակութային ժառանգության և պատմական արխիվների, կրոնի, այդ թվում` Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանն անմիջականորեն առնչվող թեմաներով:

Պարոն Հարությունյանի կողմից ներկայացվել են հայագիտության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը` որպես ՀՀ քաղաքականության կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկը, որը կոչված է պահպանելու հայ ժողովրդի ազգային նկարագիրը, խթանելու ազգի հոգևոր-մշակութային զարթոնքը և նպաստելու ազգային ինքնագիտակցության խորացմանն ու ամրապնդմանը:

Կոմիտեի նախագահը առանձին հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Առաջարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հետ համատեղ իրականացնել գիտական ծրագրեր, ինչը կնպաստի ազգային շահերի միջազգային ճանաչման և պաշտպանության գիտական հենքի ապահովմանը, ինչպես նաև` աշխարհի հայագիտական հաստատությունների միջև համագործակցությունների ընդլայնմանն ու այդ հաստատությունների պահպանմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կնքել համաձայնագիր Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջև` հայագիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին