ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Հաստատվել են թեմատիկ ֆինանսավորման ծրագրերի մրցույթի արդյունքները

05.09.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2018թ. սեպտեմբերի 4-ի N 36-Ա/Ք հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթը հայտարարվել էր 2017 թ. դեկտեմբերի 26-ին և ընդգրկում էր գիտության բոլոր բնագավառները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի:

Ծրագրերի ֆինանսավորումն սկսվելու է սեպտեմբերի 1-ից՝ նախատեսված ժամկետից 2 ամիս ուշ, ինչը հնարավորություն տվեց որոշակի չափով՝ մոտ 7 %-ով, ավելացնել ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի քանակը:

Այս տարվա գիտական ծրագրերի թեմատիկ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 417 հայտ:

Այս տարվա հայտերում ակնհայտ էին որակական դրական փոփոխություններ՝ կազմված էին բարձր մակարդակով, իրենցից ներկայացնում էին գիտական լուրջ ծրագրեր: Ավելին, ֆինանսական միջոցների ավելացման պարագայում, ներկայացված հայտերի ևս 25 %-ն արժանի կլիներ ֆինանսավորման:

Մրցույթի արդյունքների ամփոփման 1-ին փուլում ֆինանսավորման  են երաշխավորվել 164 գիտական ծրագրեր, որոնցից՝ բնական գիտություններ՝ 80, ճարտարագիտություն և տեխնոլոգիա՝ 23, բժշկական գիտություններ՝ 6, գյուղատնտեսական գիտություններ՝ 14, հասարակական գիտություններ՝ 16, հայագիտություն՝ 25*:

Մրցույթի արդյունքների ամփոփման նիստում կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական փորձագիտական խորհուրդների անդամներին՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի իրականացումն առավելագույնս կնպաստի Հայաստանի գիտության զարգացմանը: «Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր փորձագետներին՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար: Առանձնակի գնահատանքի են արժանի արտասահմանյան փորձագետները, ովքեր հերթական անգամ մեծ պատրաստակամությամբ և անհատույց օգնեցին մեզ իրականացնել թեմատիկ ծրագրերի գիտական փորձաքննությունը:

Շնորհավորում եմ նաև մրցույթում հաղթող ճանաչված և, ընդհանրապես, մրցույթին մասնակցած բոլոր գիտական խմբերին՝ մաղթելով ապագայում արդյունավետ և բեղուն աշխատանք, ինչպես նաև կոչ անելով հետայսու ևս ակտիվ մասնակցել մեր ծրագրերին և համագործակցել կոմիտեի հետ»,- իր խոսքում նշեց պարոն Հարությունյանը:

Եվ վերջում, նշենք՝ մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել ներկայացված հայտի ղեկավարի կողմից՝ արդյունքները կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում կոմիտե գրավոր դիմում ներկայացնելով:

Բացի այդ, տեղեկացնում ենք, որ հայտերի գնահատման արդյունքների վերաբերյալ բողոքները քննարկվելու են մասնագիտական փորձագիտական խորհուրդների կողմից:

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

* Ծրագրերի մասին առավել մանրամասն վերլուծություն կպատրաստվի առաջիկա օրերի ընթացքում: