ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկվել են ՄԳՏԿ-ի վերակազմավորման հարցեր

30.06.2011

Հունիսի 26-29-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կառավարման խորհրդի 53-րդ նստաշրջանի աշխատանքներին:

 

Օրակարգում քննարկված հիմնական հարցերն էին  ՄԳՏԿ-ի վերակազմավորումը գիտատեխնիկական համագործակցության նոր բազմակողմանի կազմակերպության, Ռուսաստանի Դաշնության՝ ՄԳՏԿ անդամությունը դադարեցնելու մեխանիզմները, ՄԳՏԿ ծրագրերի բազմակողմանի փորձաքննության իրականացմանն ուղղված նոր ծրագրերի հաստատումը:

 

ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն իր ելույթում  նշեց, որ Հայաստանը շահագրգռված է շարունակել ՄԳՏԿ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՄԳՏԿ-ում սպասվող վերակազմավորումից հետո ՄԳՏԿ-ի  քարտուղարությունը Ռուսաստանից  տեղափոխելու անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել կենտրոնի գլխավոր գրասենյակը Երեւան տեղափոխելու հարցը:

 

ՄԳՏԿ կառավարման խորհրդի հերթական նստաշրջանը կանցկացվի 2011 թ. դեկտեմբերին Մոսկվայում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին