ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ասպիրանտներին հանձնվեցին դրամաշնորհների վկայագրերը

11.02.2013

2013 թ. փետրվարի 11-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթի հաղթող 25 ասպիրանտներին հանձնվեցին դրամաշնորհի վկայագրեր:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ներկայացուցիչները, դրամաշնորհներ ստացած ասպիրանտներն ու համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 2012 թվականի սեպտեմբերին հայտարարել էին  «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2012» մրցույթը, որի արդյունքում տրամադրվելու էին դրամաշնորհներ ՀՀ բնակիչ հանդիսացող եւ ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին:

 

Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 51 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվել են հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր: Գիտական փորձաքննության հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:

 

Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ասպիրանտներին տրամադրվեցին հետևյալ դրամաշնորհները.

-     մինչև 1500000 ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) և հեռակա ուսուցման ասպիրանտներին,

-     մինչև 1125000  ՀՀ դրամ իննամսյա (2013 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:

 

Վարկանիշային ցանկի արդյունքներով հրավերով նախապես հայտարարված 20-ի փոխարեն ֆինանսավորման է երաշխավորվել 25 թեմա (Գիտության պետական կոմիտեն 5-ով ավելացրել է դրամաշնորհների թիվը` hաշվի առնելով «2013 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում գիտության մասով ֆինանսական ծավալների աճը): 25 թեմաներից 20-ն իրականացվելու է Գիտության պետական կոմիտեի, 2-ը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, 3-ը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ընդ որում, «Բարեպաշտ սերունդ» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամներն ասպիրանտներին դրամաշնորհներ տրամադրում են իրենց հայեցողությամբ՝ թեմաներն ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից:

 

Ընտրված թեմաների մեծ մասը՝  17-ը,  բնական գիտությունների բնագավառից են, 5-ը ներկայացնում են  ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 1-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին