ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Աստանայում տեղի է ունեցել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի հերթական նիստը

21.06.2017

Հունիսի 12-15-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հրավերով գործուղվել էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանա` մասնակցելու ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև EXPO-2017 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած «Ապագայի տեխնոլոգիաներ և կենսաբանական անվտանգություն» խորագրով միջոցառմանը:

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և լրամշակվել է համատեղ նախագծերի ֆինանսավորման հարցերը կարգավորող փաստաթղթի աշխատանքային տարբերակը, վերանայվել և հաստատվել են 2016 թ. աուդիտի արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են 2018 թ. բյուջետային առաջնահերթությունները, վերանայվել են ՄԳՏԿ կարճաժամկետ միջոցառումներին, թեմատիկ նախաձեռնություններին, ինչպես նաև անդամ-պետությունների ընդլայնմանն առնչվող ծրագրերը: Քննարկվել է նաև ՄԳՏԿ 25-ամյակի կապակցությամբ երիտասարդ գիտնականների ակտիվությունը խթանող մրցանակ սահմանելու անհրաժեշտության հարցը:

Հանդիպման ընթացքում ՄԳՏԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք ելույթներով, որոնց շրջանակներում անդրադարձել են իրենց պետություններում «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացման և ուժի մեջ մտնելու գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային բաժանմունքների արդի կագավիճակին և դրանց առջև դրված հիմնական խնդիրներին: Ս. Հարությունյանը նշել է, որ Հայաստանում «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը գտնվում է ներպետական վավերացման վերջնական փուլում:

Գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցել է նաև EXPO-2017 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ՄԳՏԿ կողմից կազմակերպված «Ապագայի տեխնոլոգիաներ և կենսաբանական անվտանգություն» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հնչել են անվանի փորձագետների ելույթներ, կայացել են տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ցուցադրություններ, ինչպես նաև կազմակերպվել է Էներգետիկա, տնտեսություն, քաղաքականություն. նոր հայեցակարգ խորագրով կլոր սեղան-քննարկում: Քննարկման շրջանակներում ներկայացվել է ապագայի էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ռազմավարության մշակման և ներդրման բնագավառում տարբեր պետությունների փորձը, ինչպես նաև նշված ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում սահմանվել է ՄԳՏԿ 2018 թ. միջոցառումների ժամանակացույցը, և հաջորդ տարվա համար համակարգող երկիր է նշանակվել Հայաստանի Հանրապետությունը: