ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Պայմանագիր Springer հրատարակչության հետ

29.11.2010

Նոյեմբերի 23-ին Փարիզում ստորագրվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ,,Springer Science and Business Media BV՛՛ ընկերության միջեւ «SpringerLink ինֆորմացիոն համակարգի լիցենզիայի տրամադրման մասին» պայմանագիրը: Հայկական կողմից պայմանագիրն ստորագրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ֆրանսիական կողմից՝ ,,Springer Science and Business Media BV՛՛ ընկերության վաճառքի բաժնի նախագահ Պիտեր Քոեբերգը:

 

Պայմանագրով Հայաստանը հնարավորություն է ստանում սեփականատիրոջ իրավունքով օգտագործելու Springer-ի  գիտատեղեկատվական ցանցը: Կառույցն ունի հզոր  էլեկտրոնային գրադարան, որում ընդգրկված են 1760 գիտատեխնիկական ամսագիր եւ մոտ 2000 անուն գիտական գրականություն: Հայաստանում ինստիտուտների, բուհերի եւ գիտական այլ կենտրոնների գրադարաններում հնարավոր կլինի ազատորեն օգտվել  Springer-ի  տեղեկատվական բազայից:

 

Պայմանագիրը հնարավորություն է տալիս օգտվել նաեւ այդ հզոր գիտատեղեկատվական կառույցի այլ հնարավորություններից:  Springer-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում հրատարակչության միջոցներով հայկական գիտական երկու ամսագիր անգլերեն թարգմանելու եւ հրապարակելու մասին: Հրատարակչությունը պատրաստ է անգլերենով հրապարակել նաեւ Հայաստանից ներկայացված գիտական գրքեր:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանն ընտրվել է Springer  հրատարակչության խորհրդի անդամ, այսպիսով՝ Հայաստանն այսուհետ նաեւ  իր ձայնը կունենա Springer-ի քաղաքականության որոշման հարցում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին