ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «ՔԵՆԴԼ»

10.11.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ:

Սերժ Սարգսյանը «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում ծանոթացել է «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:

Գծային արագացուցչի գերկարճ ճշգրիտ էլեկտրոնային փնջերը հնարավորություն են տալիս ժամանակակից փորձարարական հետազոտություններ կատարել արագացուցչային տեխնոլոգիաների, կոհերենտ ճառագայթման աղբյուրների և գերարագ պրոցեսների ուսումնասիրման բնագավառներում: Նման հետազոտություններն այսօր աշխարհի առաջատար արագացուցչային կենտրոնների կարևորագույն գերակա ուղղություններից են: «ԱՐԵԱԼ» արագացուցիչն ընդգրկում է մի շարք բնագավառների՝ լազերային ֆիզիկայի, բարձր հաճախային տեխնիկայի, գերվակուումային սարքավորումների, ղեկավարման գերճշգրիտ համակարգերի, տարբեր ֆիզիկական պրոցեսների վերահսկման և համապատասխանեցման առաջավոր տեխնոլոգիաները:

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում այնուհետ կայացել է «ՔԵՆԴԼ» ՍՀԻ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` խորհրդի պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է ինստիտուտի զարգացման առաջիկա և երկարաժամկետ ծրագրերը, որոնք միտված են երկրում կատարվող բնագիտական տարբեր ուղղությունների փորձարարական հետազոտությունները բարձրացնելու նոր՝ առաջավոր մակարդակի: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ 2013-14թթ. գործունեության հաշվետվությունը, «ԱՐԵԱԼ» արագացուցչի զարգացման և Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ինստիտուտի 2015թ. բյուջեն:

 

Լրացուցիչ տեղեկություններ

«ԱՐԵԱԼ» արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը ստացվել է 2013թ. դեկտեմբերի 20-ին, իսկ 2014թ. մայիս-հունիս ամիսներին ավարտվել են արագացուցչի հիմնական համակարգերի կարգաբերման աշխատանքները և ապահովվել են արագացուցչի նախագծային պարամետրերը: Արդյունքները զեկուցվել են միջազգային հեղինակավոր գիտաժողովներում, եվրոպական մի շարք արագացուցչային կենտրոններում, Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

«ԱՐԵԱԼ» նախագծի մշակման համար խթան է հանդիսացել Երևանում 2010թ. հունիսին անցկացված արագացուցչային ֆիզիկայի ժամանակակից խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով կազմավորվել էր միջազգային փորձագիտական հանձնաժողով: ՀՀ վարչապետի մոտ քննարկումներից հետո, հանձնաժողովն առաջարկել էր «ՔԵՆԴԼ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրականացման փուլային տարբերակ, որը հաջողությամբ է պսակվել աշխարհի շատ այլ արագացուցչային կենտրոններում:

«ԱՐԵԱԼ» արագացուցիչը նախագծվել և կառուցվել է 2011-2013 թվականների ընթացքում` գերմանական «ԴԵՍԻ» (DESY) արագացուցչային կենտրոնի ու շվեյցարական Փոլ Շերերի ինստիտուտի հետ միջազգային սերտ համագործակցությամբ: Արտասահմանյան առաջատար մասնագետներից կազմված միջազգային խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերել այս ծրագրին:

2014թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները: 2014թ. դեկտեմբերից Ա. Ի. Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսվեն «ԱՐԵԱԼ» համալիրում իրականացնել իրենց փորձարարական հետազոտությունները, որոնք ներառում են մոլեկուլային ֆիզիկայի, նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ:

2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինստիտուտը գերմանական «ԴԵՍԻ» արագացուցչային կենտրոնի համար էլեկտրաֆիզիկական սարքավորումների ստեղծման կարևոր պատվեր է կատարել: Ծրագրվել է «ԱՐԵԱԼ» համալիրում արտասահմանյան գործընկերների հետ համատեղ կատարել նոր արագացուցչային տեխնոլոգիաների և ճառագայթման աղբյուրների գծով հետազոտությունների երկարաժամկետ ծրագրեր: