ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպումներ Գյումրիում

06.03.2014

Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքային այցով մեկնեցին Շիրակի մարզ` հանդիպելու մարզի գիտակրթական համայնքի հետ:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Լեւոնի Սարգսյանը, Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերը:

 

Հանդիպումն անցկացվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի եւ Վանաձորի մասնաճյուղերից, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտից, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտից եւ այլ գիտական կազմակերպություններից :

 

Հանդիպման նպատակն էր գիտության ոլորտում առկա խնդիրների ու գիտական հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահը հանդես եկավ «Հայաստանում գիտական եւ գիտատեխնիկական բնագավառի ծրագրերը եւ ֆինանսավորումը» թեմայով զեկուցմամբ: Ներկայացվեցին Գիտության պետական կոմիտեի գործունեության նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ` գիտության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները: Ս. Հարությունյանն անդրադարձավ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ՀՀ պետական բյուջեում գիտության մասնաբաժնի ավելացման եւ բաշխման հարցերին:

 

Պարոն Հարությունյանը ներկայացրեց  նաեւ գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի փորձաքննության եւ ֆինանսավորման համակարգերը ՀՀ-ում, ոլորտի կադրային կազմը, գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը:

 

Պարոն Հարությունյանը հայտարարեց Գյումրիի մարզային ծրագիր իրականացնելու որոշման մասին, որն անցկացվելու է Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով գիտական եւ գիտատեխնիական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում տարեվերջին նախատեսվում է կազմակերպել գիտական ծրագրերի մրցույթ, որն ուղղված է լինելու մարզի առջեւ ծառացած այն խնդիրների ֆինանսավորմանը, որոնք պահանջում են գիտական հետազոտությունների իրականացում: Մրցույթի արդյունքում ֆինանսավորվելու են 5 ծրագրեր: Մրցույթի անցկացման համակարգող խումբը ղեկավարելու է Յուրի Սարգսյանը:

 

Շիրակի մարզ այցի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ հանդիպում Շիրակի մարզպետի հետ: Քննարկվել են մարզի առջեւ ծառացած խնդիրները, կոնկրետացվել են մարզային ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին