ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Համշենը հայկական ձեռագրերում

Լուսինե Սահակյան

ԵՊՀ հրատարակություն, 2019 թ., Երևան, 363 էջ, 120 էջ գունավոր ներդիր, Համշենի գավառի 15-17-դր դարերի քարտեզ

Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտին տրված միջոցներով։

Մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյաններ: Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ։

Ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական Գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։

Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Լ. Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։