ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-ռուսական լաբորատորիա՝ Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանում

13.02.2012

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահը փետրվարի 10-ին Տոմսկի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական գիտակրթական լաբորատորիայի բացման արարողությանը:

 

Լաբորատորիայի գործունեության հիմնական ուղղությունն է լինելու հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտությունների զարգացումը, այդ թվում՝ ռենտգենյան ճառագայթման գեներացիայի նոր աղբյուրների եւ եղանակների մշակումը, ռենտգենյան օպտիկայի տարրերի մշակումը,  դիագնոստիկայի նպատակով  մոնոքրոմային ռենտգենյան ճառագայթման փնջերի ստացումն ու կիրառումը եւ այլն: Լաբորատորիայի բազայի վրա կիրականացվեն նաեւ կրթական ծրագրեր՝  «արագացուցիչների ֆիզիկա» եւ «բժշկական ֆիզիկա» ուղղություններով: Լաբորատորիայի սարքավորումների համար բուհը ծախսել է 7,5 միլիոն ռուբլի դրամաշնորհային միջոցներ:

 

«Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիան ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, որն էլ հանդիսանում է լաբորատորայի ստեղծման նախաձեռնողներից:

 

Լաբորատորիան իր գործունեությունը ծավալելու է երկու երկրներում. 2013 թ. Երեւանում բացվելու է լաբորատորիայի հայաստանյան մասը: Հետագայում լաբորատորիայում իրականացվող հետազոտական ծրագրերին կմասնակցեն նաեւ այլ երկրների գիտնականներ:

 

Տոմսկ այցելության ընթացքում ԳՊկ նախագահը հանդիպումներ է ունեցել Տոմսկի նահանգապետի գիտատեխնիկական եւ ինովացիոն քաղաքականության գծով  տեղակալի պաշտոնակատար  Ա. Պուշկարենկոյի, ՌԴ մարզերի  եւ ԱՊՀ երկրների միջեւ աշխատանքների կոմիտեի նախագահ Ե. Իվանովի եւ ՏԱՀՊՀ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գիտության, կրթության եւ ինովացիայի բնագավառներում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, ռուսական կողմն առաջարկել է մասնակցել իրենց մոտ իրականացվող  կրթական ծրագրերին, իրականացնել համատեղ գիտական ծրագրեր եւ այլն: Համալսարանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցելու «Քենդլ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:

 

Հանդիպման մասին տեսանյութ

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին