ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտաժողովում ներկայացվեցին պետական նպատակային ծրագրի արդյունքները

29.01.2018

Հունվարի 27–ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը ՀՀ ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմակերպած «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» աշխատանքային գիտաժողովին:

Գիտաժողովում քննարկվեցին պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացվող օդերևութաբանական, սեյսմաբանական,  բնապահպանական  և այլ  մշտադիտարկման տվյալների հիման վրա ամպային միջավայրի ռեսուրսներով համակարգչային մոդելների միջոցով ստացված գիտական և կիրառական արդյունքների` պետական ծառայությունների գործունեության մեջ ներդրման վերաբերյալ հարցեր: Նշված խնդիրների կապակցությամբ 2017թ. ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և ՀՀ արտակարգ իրավիճակների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների համապատասխան ծառայությունների միջև։  Գիտաժողովին ներկա գիտնականները և նշված նախարարությունների մասնագետները ներկայացրեցին զեկուցումներ, որոնց հետևեցին կառուցողական քննարկումներ և առաջարկներ։ Քննարկվեցին հատկապես սողանքների, եղանակի փոփոխության և  տնտեսության վրա դրանց ազդեցության խնդիրները։

Գիտաժողովի մասնակիցները անդրադարձան նաև 2018 թ. իրականացվելիք ծրագրերին և խնդիրներին։ Քննարկման բոլոր մասնակիցները առանձնահատուկ կարևորեցին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման նախագիծը, ըստ որի կստեղծվի հզոր ամպային միջավայր, որը կունենա հաշվողական վիրտուալ ռեսուրսներ և տվյալների հուսալի և անվտանգ պահուստներ։ Նման կենտրոնի գոյությունը կնպաստի գիտության և տնտեսության տարբեր ոլորտների մեծածավալ խնդիրների լուծմանը` միաժամանակ խնայելով ֆինանսական միջոցները։

Ելույթ ունենալով գիտաժողովի ամփոփիչ կլոր սեղանի ժամանակ` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը բարձր գնահատեց նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը և ստացված գիտական ու կիրառական արդյունքները։