ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

ՀՀ ԳԱԱ –ում տեղի ունեցան «Հայոց պատմություն» քառահատորյակի քննարկումները

19.11.2008

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող՝ հայ ժողովրդի պատմությունը վերաարժեւորելու եւ այն ըստ արժանվույն աշխարհին ներկայացնելու  խնդրի լուծման նպատակով մոտ հինգ տարի առաջ սկսված «Հայոց պատմություն» քառահատորյակի հրատարակման պետական ծրագրի իրագործման հետ կապված հարցերը:


Քննարկումներին մասնակցում էին նաեւ ՀՀ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի գլխավորությամբ:
Հանդիպման ժամանակ բուռն քննարկումներ ծավալվեցին քառահատորյակի հատկապես առաջին՝ հայոց հնագույն պատմությանը վերաբերող հատորի շուրջ: Դրանում կան սկզբունքորեն վիճելի հարցեր, որոնց շուրջ գիտնականները տարակարծություններ ունեին: Գաղափարական եւ փաստական հակասություններ կային հատկապես հայ ժողովրդի ծագման եվ ձեւավորման, Հայաստանը որպես հնագույն քաղաքակրթության օրրան դիտարկելու առումներով:


«Մենք ունենք հարուստ պատմություն եւ այն ուռճացնելու, չհիմնավորված տվյալներով ծանրաբեռնելու կարիք չունենք,_ նշեց Ս. Հարությունյանը,_ կարեւորը գիտական արժեքն է եւ այն, որ յուրաքանչյուր իրադարձություն փաստերով եւ ապացույցներով հիմնավորված լինի»:


Գաղափարական որոշ հակասություններ կային նաեւ չորրորդ հատորի նյութերի հետ կապված. գիտնականները տարբեր տեսանկյուններից են դիտարկում ներկայացվող ժամանակակից պատմության որոշ դրվագներ: Այս դեպքում մասնագետները համաձայնության եկան, որ շարադրանքը կարող է լինել մակերեսային, բայց՝ ճշմարիտ եւ հստակ:


Ընդհանուր առմամբ «Հայոց պատմություն» քառահատորյակը պատրաստ է հրատարակման: Հեղինակները խոստացան մինչեւ հաջորդ տարվա առաջին կիսամյակը համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ եւ հատորները ներկայացնել տպագրության:

 

Քննարկումների ընթացքում խոսվեց նաեւ քառահատորյակը թարգմանելու եւ  անգլերեն ու ռուսերեն տարբերակներով հրատարակելու մասին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին