ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

26.04.2024

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար:

Գործադիրի 25.04.2024թ. նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի» փոփոխությունը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ նախատեսվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը՝ ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով պայմանավորված:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Տավուշի մարզում 2021/22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, և այս ուսումնական տարում արդեն կլինեն նոր չափորոշչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները:

«Ընդունելության կարգում իրականացվող փոփոխությունները մեր առաջին շրջանավարտներին թույլ կտան բուհ դիմել ընդունելության նոր համակարգով: Մասնավորապես՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհերի ընդունելության նոր հնարավորություններ. սա հանդիսանում է նաև կրթության ոլորտում բարեփոխումների կարևոր բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի ընդունելության քննություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց այս՝ 2023/24 ուսումնական տարվա ավարտից հետո կիրառվեն ընդունելության քննությունների նոր թեստեր, որոնք կհամապատասխանեն չափորոշչի բովանդակությանը. «Սա նաև նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը: Դրա արդյունքները՝ որպես ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհեր ընդունելության համար: 2026 թվականից այս համակարգը կգործի Երևանի և ՀՀ մարզերի մեր բոլոր շրջանավարտների համար»:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/21908