ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կոմիտեի ոսկե մեդալ արվեստագիտության բնագավառում

14.10.2015

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ» հանձնեց երաժշտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Սվետլանա Կորյունի Սարգսյանին:

«Բարձր գնահատելով գիտակրթական և մշակութային համագործակցության գործում տիկին Սարգսյանի ունեցած նշանակալի ծառայությունները, միջազգային համագործակցության բնագավառում ներդրած ավանդն ու բազմամյա արգասաբեր աշխատանքը` Գիտության պետական կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ տիկին Սվետլանային Կոմիտեի բարձր պարգևին արժանանալու համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ հայարվեստի համաշխարհային ճանաչման գործում` ի փառս հայ ժողովրդի»,- նշեց պարոն Սահակյանը:

Սվետլանա Կորյունի Սարգսյանին Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ» շնորհվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի N 29-Ա/Ք հրամանով` հաշվի առնելով հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումները, գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդն ու ներդրումները: