ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Նոր մրցույթ՝ «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա»

10.06.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ»,  «Ռոբոտատեխնիկա»  մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի արդյունքում 36 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 3-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների իրականացման համար:

Ի տարբերություն կոմիտեի կողմից նախկինում  հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները: Այսպես. խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը սահմանվել է մինչև 250 000 ՀՀ դրամ, խմբի ղեկավարը, վերջին 5 տարիների ընթացքում, տվյալ ուղղությամբ պետք է ունենա առնվազն մեկ գիտական հոդված ազդեցության գործակից ունեցող (ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) ամսագրում կամ երկու գիտական հրապարակում «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրերում, խումբը պետք է ունենա տվյալ մասնագիտությունով օտարերկրյա գիտական կազմակերպությունում աշխատող գիտական  խորհրդատու, որի  Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 20՝ ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների։

Նոր մրցույթի պայմաններով՝ խմբի անդամներից (ներառյալ ղեկավարը) առնվազն երկուսը պետք է լինեն մինչև 35 տարեկան: Թեմայի իրականացման 3 տարիների ընթացքում խմբի երիտասարդ անդամները առնվազն 15 օր պետք է գտնվեն խմբի խորհրդատուի գիտական կազմակերպությունում,  առնվազն 15 օր էլ խորհրդատուն պետք է գտնվի Հայաստանի Հանրապետությունում:

Թեմայի ավարտից հետո խմբի անդամները տվյալ ծրագրի շրջանակներում պետք է ունենան առնվազն երկու գիտական հոդված «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման առաջին կամ երկրորդ (Q1, Q2 quartile) քառորդում ընդգրկված ամսագրերում («Արհեստական բանականություն և տվյալագիտություն» մասնագիտության դեպքում հոդվածներից մեկի փոխարեն կարող է լինել հրավերի պայմաններին համապատասխանող  գիտաժողովի նյութ):

Մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://scs.am/am/09-06-2020: