ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Փետրվարի 11-ը՝ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր

11.02.2024
Սիրելի՛ կին գիտնականներ և գիտաշխատողնե՛ր,
2015 թվականին Միացյալ ազգերի կազմակերպությունը հռչակել է փետրվարի 11-ը՝ որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով կին գիտնականների նշանակալի դերը գիտության մեջ և նպատակ ունենալով խրախուսելու նրանց հետագա ակտիվ ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական համայնքներում:
Անմասն չմնալով գիտության ոլորտում կանանց ներուժի իրացման իրավունքի ապահովման կարևոր հանձնառությանը՝Հայաստանի Հանրապետության կողմից ևս կարևոր քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Այսպես, մեր հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ընդհանուր թվի կեսից ավելին կանայք են, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը 30 տոկոսից ցածր է։
Սակայն այս ոլորտում դեռևս առկա են մարտահրավերներ։ Մասնավորապես, ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի միայն մեկ քառորդի ղեկավարներն են կանայք։
Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն արդեն 3 տարի պարբերաբար անցկացնում է դրամաշնորհային մրցույթներ, որոնց արդյունքում արդեն ֆինանսավորման է երաշխավորվել կին գիտնականների ղեկավարած 15 նախագիծ։
Այս և շատ այլ ցուցանիշներ կարող են և պետք է շարունակաբար աճեն, և մենք հնարավորություն կստանանք գործնականում արձանագրելու, որ մեր պետությունը ոչ միայն կարող է համաշխարհային հանրության համար բացահայտել տաղանդավոր կին գիտնականների ներուժը, այլև ստեղծել կրթական և գիտական գործունեության ներդաշնակ համակարգ, որը հնարավորություն կտա մեր կին հայրենակիցներին հիմնարար և ինստիտուցիոնալ մակարդակում լիարժեք մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտակրթական կյանքի կայուն և առաջանցիկ զարգացմանը։
Եվս մեկ անգամ օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ այս պատասխանատու և կարևոր ուղին ընտրած բոլոր կանանց մաղթում ենք հաջողությամբ հաղթահարել բոլոր խոչընդոտները և գրանցել թե՛ ներպետական, և թե՛ միջազգային կարևորության նորանոր հաջողություններ: