ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը

12.04.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Ապրիլի 12-ին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում բուհական և գիտական համայնքների ներկայացուցիչներին ներկայացվեց Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը՝ որպես անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով համալսարանական և հետազոտական կամպուս՝ նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով և նպատակ ունի ապահովելու որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծումը Կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրն է բարձրագույն կրթության և գիտության համակարգում:

«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:

«Մեր բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկելու են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները: Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ որակյալ որոշումները կարիք ունեն մասնագիտական քննարկումների»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին՝ նախարարը նշել է՝ 2006 թվականից բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով: Ըստ նախարարի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից՝ որպես ֆինանսավորման աղբյուր, ինչը շատ հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:

«Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի: Կառավարությունը զուգահեռաբար սկսել է գիտական համակարգի էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել՝ խրախուսելու գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվողների թվի աճը՝ հատկապես նպաստելով ոլորտում երիտասարդ գիտնականների ներգրավմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով այդ գործընթացում բարձրագույն կրթության որակի բարելավման կարևորությունը:

Բարձրագույն կրթության որակի բարելավումը, ինչպես Ժաննա Անդրեասյանն է նշել, առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել. «Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ մեկտեղելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի ձևավորման, սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյության, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը: Եվ ոլորտի ֆինանսավորման ծավալները ևս կարող են էապես աճել շատ ավելի բարձր արդյունավետությամբ»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել Է՝ պետության կողմից խրախուսվող այս քաղաքականությունը չի կարող լինել միայն Կառավարության ծրագիր. սա պետք է լինի բոլորի՝ բուհերի, գիտական կառույցների ծրագիրը. «Այս դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու, որպեսզի հաջողություն ունենանք»,- համոզմունք է հայտնել նախարարը:

Անդրադառնալով Ակադեմիական քաղաքի հայեցակարգին՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը խոսեց Ակադեմիական քաղաքի հիմնական տեսլականի մասին՝ որպես մի միջավայրի, որը կխթանի և կերաշխավորի ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը, և որում բարձրագույն կրթությունը լծորդվելու է հետազոտությունների և գործնական կիրառման հետ՝ խթանելով ձեռք բերված գիտելիքների և արդյունքների կիրառելիությունը և առևտրայնացումը:

Սարգիս Հայոցյանի գնահատմամբ՝ ակադեմիական քաղաքը, մի կողմից իր շուրջն է համախմբելու բարձր տեխնոլոգիական մասնավոր կազմակերպություններին, մյուս կողմից դառնալու է հիմք՝ նոր կազմակերպությունների ստեղծման համար:

Հայոցյանը հավելել է, որ բացի ուսումնական ու գիտական տարածք լինելուց, ակադեմիական քաղաքը լինելու է նաև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է գործի 24-ժամյա ռեժիմով: 

Անդրադառնալով զուգահեռաբար ընթացող բովանդակային բարեփոխումներին՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ծրագրին, Սարգիս Հայոցյանը ներկայացրել է բուհական 6 կլաստերների՝ դասական բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, մանրամասները:

Դասական կլաստերում, ըստ Սարգիս Հայոցյանի, իրականացվելու են հիմնարար գիտությունների ուղղություններով կրթություն ու հետազոտություններ:

Բժշկական կլաստերում իրականացվելու է բժշկական կրթություն, ինչպես նաև բժշկական ու կյանքի մասին գիտությունների ուղղությամբ հետազոտություններ:

Տեխնոլոգիական կլաստերում իրականացվելու է տեխնոլոգիական կրթություն, ինչպես նաև կիրառական գիտությունների ուղղությամբ հետազոտություններ ու փորձարարական մշակումներ:

Կրթական կլաստերում ուսումնառությունը կկազմակերպվի կրթության ոլորտում, ինչպես նաև կիրականացվի կրթության ոլորտի հետազոտություններ:

Արվեստների կլաստերում իրականացվելու են արվեստի տարբեր ճյուղերով կրթություն և հետազոտություններ՝ այդ թվում ներառելով նաև մշակութաբանության ոլորտը:

Սպայական կլաստերում իրականացվելու են ներքին ու արտաքին անվտանգային ուղղություններով կրթություն, վերապատրաստումներ:

Գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, տեղեկացրել է՝ այն ապահովելու է կրթական գործընթացի, հետազոտության և արտադրության միջև ցանցային սերտ համագործակցությունը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։

«Հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, մաս է կազմում մի գործընթացի, որը սկսվել է դեռևս նոյեմբերին, և որի առաջին փուլի ավարտին՝ նախորդ տարեվերջին, ձևակերպվել է տեսլականը: Այնուհետև Հայաստան այցի և աշխատաժողովի արդյունքում ձևավորվել է պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել ակադեմիական քաղաքը: Այն ինչ ներկայացվելու է այսօր, դեռևս ոչ թե ծրագրի ավարտն է, այլ գաղափարների համախմբման փուլի ամփոփումը»,- ասել է Թոբիաս Քեյլը:

Թոբիաս Քեյլի խոսքով՝ տեսլականի մշակումն իրականացվել է տեղադիրքին ներկայացվող պահանջների, ենթակառուցվածքների հասանելիության, տարբեր կլաստերների համար կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություների, ինչպես նաև հնարավոր սոցիալական ազդեցության և տնտեսական գործոնների համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Քեյլը շեշտել է, որ տեղադիրքի ընտրության հարցում հաշվի են առնվել նաև Հայաստանի Հանրապետության մասշտաբները, Երևանի կենտրոնին մոտ լինելու, հարակից բնակավայրերը միմյանց կապելու և միաժամանակ հանրապետության բնակչության մեծ մասին հասանելի լինելու հանգամանքները։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների, դասախոսների, հետազոտողների և լայն հանրության համար՝ հաշվի առնելով, որ քաղաքում պլանավորվում է տեղակայել բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ, մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ Ազգային ստադիոն, հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։

Ինչ վերաբերում է քաղաքի կառուցման ընթացքում հնարավոր աղմուկին և փոշուն, Քեյլը, ի պատասխան ներկաների հնչեցրած հարցի, մանրամասնեց, որ նախատեսվում է ճիշտ պլանավորել շինարարությունը՝ ծառաբնի օղակների տրամաբանությամբ՝ սկզբում ստեղծելով միջուկային հատվածը և այնուհետև կողային տարածվելով տարածքներում. «Հասնելով 2-3-րդ գոտիներին՝ մենք արդեն միջուկային հատվածում կունենաք տարածք, որը ենթակա է բնակեցման։ Այս շինարարական մեթոդը թույլ կտա մեզ խուսափել Ձեր հնչեցրած մտահոգություններից»: 

Ամփոփիչ խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագծման գործընթացում իրականացվող մանրակրկիտ ու որակյալ աշխատանքն ամբողջությամբ տալիս է այն վստահությունը, որ նույն կերպ շարունակելու դեպքում որակյալ կրթական միջավայր ենք ունենալու:

«Այս փուլում հարցերը, մտավախություններն ու անորոշությունները շատ են, և դա հասկանալի է: Դրանք չեն կարող չլինել, որովհետև գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Ժամանակակից բուհական միջավայրը և որակյալ կրթությունն ուսանողի համար անհրաժեշտ փորձառություն են, որն այսօր չենք կարողանում ապահովել: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:

«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը. կարիք չկա դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Կառավարությունը վերջին տարիներին շուրջ 280 %-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն ահռելի ծավալ է: Կառավարությունը միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանել: Սա նշանակում է՝ որպես պետություն մենք պետք է ջանքեր ներդնենք բուհերը զարգացնելու համար, և այդ նպատակով պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող բուհեր ենք ունենալու, որպեսզի կրթության որակը կախված չլինի այլևայլ գործոններից»,- խոսքն ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով իրականությունը, հիմնավորումներն ու զարգացման պահանջը:

Ակադեմիական քաղաքի նախագծի հայեցակարգի ներկայացումից հետո նախագծային ընկերության պատասխանատուն, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը պատասխանել են ներկաների՝ նախագծին առնչվող հարցերին: