ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը 90 տարեկան է

14.04.2023

Այսօր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի ծննդյան 90-ամյակն է։

Յուրի Հովհաննիսյանի գիտական գործունեությունը ավելի քան 60 տարի կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, որտեղ կատարել է փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային վերաբերող համաշխարհային նշանակության հետազոտություններ, դարձել է 104-118 ատոմային կարգահամարով նոր քիմիական տարրերի արհեստական սինթեզի բնագավառում կատարված երկու տասնյակից ավելի հայտնագործությունների հեղինակ և համահեղինակ։ 2016 թվականին մեծանուն հայ գիտնականի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og): 2021 թվականին Յուրի Հովհաննիսյանն արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ–Ռուսաստան միջազգային մրցանակի՝ պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած հեղափոխական հայտնագործությունների, ինչպես նաև գլոբալ մասշտաբով հիմնարար գիտությունների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար։

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին՝ ՀՀ Պատվո շքանշանի, 2017 թ.` ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի, 2018 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալի, նույն թվականին` ՌԳԱ Լոմոնոսովի անվան Մեծ մեդալի, 2019 թ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի: 2018 թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

2022 թ. ապրիլի 14-ից Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Օգանեսոն (Og)» արծաթե հուշադրամը, որի դիմերեսին Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը և ՄՀՄԻ պատկերանշանն են, իսկ դարձերեսին՝ Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը:

Ակադեմիկոս Հովհաննիսյանը մեծ ավանդ ունի գիտական կադրերի պատրաստման, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում հայազգի բազմաթիվ մասնագետների կայացման գործում:

ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է ականավոր գիտնականին նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, եռանդ ու նորանոր ստեղծագործական հաջողություններ: