ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտության պետական կոմիտեի պատվիրակությունն այցելել է Արցախ

11.09.2017

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը այցելել է Արցախ`գիտության ոլորտին առնչվող հարցեր քննարկելու, մասնավորապես, Արցախի գիտական կենտրոնում իրականացվող գիտահետազոտական թեմաների ընթացքին ծանոթանալու նպատակով: Պատվիրակության կազմում էին հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ս. Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը նախ ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում գիտության ոլորտի զարգացմանը և դրան ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը կարևորել է Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունը՝ այն արժևորելով Արցախի հանրապետությունում գիտության հետևողական զարգացման տեսանկյունից:

Այնուհետև Հայաստանից մեկնած գիտնականներն այցելել են Արցախի գիտական կենտրոն, որտեղ 2010 թ. նոյեմբերի 29-ին կնքված ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ԼՂՀ կրթության և գիտության նախարարության միջև գիտաշխատողների հետազոտությունների աջակցության դրամաշնորհների տրամադրման մասին  ծրագրի հիման վրա, Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ, համատեղ իրականացվում են գիտական հետազոտություններ: Նշված ծրագրով 2011 թվականից առ այսօր իրականացվել է 11 գիտահետազոտական աշխատանք, որոնց գիտական խորհրդատուն ՀՀ-ից է, իսկ իրականացնողները` Արցախում բնակվող գիտաշխատողներ: Ներկայումս ընթացքի մեջ է 6 գիտահետազոտական թեմա:

Արցախի գիտական կենտրոնում տեղի է ունեցել գիտական խորհրդի նիստ: Կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, ներկայացնելով իրականացված աշխատանքները, նշել է, որ Արցախի գիտական կենտրոնը լուրջ ուշադրություն է դարձնում գիտական կադրերի պատրաստման խնդրին. վերջին երեք տարիների ընթացքում կենտրոնի աշխատողներից մեկը պաշտպանել է դոկտորական, իսկ հինգը՝ թեկնածուական թեզեր, գիտաշխատողների կողմից հեղինակավոր հանդեսներում տպագրվել են տասնյակ գիտական հոդվածներ և մենագրություններ: Ս. Դադայանը նաև նշել է, որ լաբորատորիաների համար հատկացված տարածքները վերանորոգված են, և համապատասխան սարքավորումներով դրանց կահավորումը կնպաստի գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, խոսելով Արցախի գիտական կենտրոնի հետ համագործակցության մասին, նշել է, որ կոմիտեի հիմնական նպատակն է եղել Արցախում գիտական կադրեր պատրաստելը, և կարևոր ձեռքբերում է համարել համագործակցության 6 տարիների ընթացքում 6 գիտաշխատողի գիտական աստիճանի պաշտպանությունը: Նա գոհունակություն է հայտնել նաև միջազգային բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում տպագրված գիտական հոդվածների, ինչպես նաև` որոշ ուսումնասիրությունների արդյունքներ տնտեսության մեջ արդեն կիրառվելու կապակցությամբ: «Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ևս կունենանք գիտության նոր թեկնածուներ և դոկտորներ: Եթե մենք տեսնենք, որ Արցախում արդեն կադրային մակարդակը բարձրացել և ավելի է բարձրանում, Արցախի գիտնականներին հնարավորություն կտանք մասնակցելու Գիտության պետական կոմիտեի  իրականացրած այլ ծրագրերի, այդ թվում` միջազգային»,_նշել է պարոն Հարությունյանը:

Նիստի ընթացքում Արցախի գիտական կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող խմբերի ղեկավարները հակիրճ ներկայացրել են ուսումնասիրվող թեմաները՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու արդիականությունը, պատասխանել են ներկաների հարցերին: Քննարկվել են նաև գիտության ոլորտին վերաբերող այլ հարցեր, կատարվել առաջարկներ:

Լուսանկարներ

Տեսանյութ

Տեսանյութ