ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԵՊՀ-ում կայացավ չորրորդ ամենամյա հայկական համադպրոցական գիտության փառատոնը

15.04.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Կենսայքայվող պոլիմերներից մինչև թափոնների վերամշակում, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներից մինչև խելացի լուծումներ ամենօրյա կյանքում, Երևանի հին ու նոր պատմությունների ու Գրիգոր Զոհրապի նորավեպերի արդիական մատուցումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով. այս և այլ արդիական թեմաներով իրենց նախագծերը ներկայացրեցին ԵՊՀ-ում կայացած «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024»-ի եզրափակիչ փուլի մասնակիցները:

Թվով չորրորդ փառատոնի շրջանակում Երևանի և ՀՀ մարզերի 30 հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարանների աշակերտները անհատական և թիմային ձևաչափով իրականացրել են շուրջ 70 հետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացուցիչներ ԱԺ-ից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև բուհերի դասախոսներ, գիտնականներ, ուսուցիչներ, աշակերտներ և այցելուներ:

Ծանոթանալով ներկայացված ծրագրերին և զրուցելով աշակերտների հետ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցի աշակերտներ, ուսուցիչների հետ միասին, շատ հետաքրքիր խնդիրների են անդրադառնում և նորարար լուծումներ են առաջարկում. «Գիտության փառատոնում մեր երեխաների ներկայացրած գաղափարները ցույց են տալիս, որ մենք շատ մեծ ապագա ունենք»:

Նախարարը հավելեց, որ փառատոնի կազմակերպումը շատ  կարևոր է դպրոցներում գիտության հանրայնացումն ապահովելու առումով: Այստեղ գտնվող երեխաներից յուրաքանչյուրը սկսում է հետազոտել, հետաքրքրվել գիտական հետազոտություններով, պատկերացում կազմում, թե ինչպիսի կարևոր և հետաքրքիր գործընթաց է գիտական և հետազոտական աշխատանքը։ Նրանց մեծ մասի համար սա դառնում է մասնագիտական կողմնորոշման ամուր հիմք, որովհետև իրենց ընտրած թեման ուսումնասիրելով՝ սկսում են պատկերացնել՝ ինչով են ուզում զբաղվել հետագա գործունեության ընթացքում:

Նախարարի համոզմամբ՝ փառատոնը էապես ազդում է նաև դպրոցներում կրթության որակի վրա՝ ընձեռելով կրթության որակի բարելավման ևս մեկ մեխանիզմ:

Այս տարի համադպրոցական գիտության փառատոնի կազմակերպչական նորությունն այն է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները ևս մասնակցում են նախագծերի գնահատմանը՝ հանդես գալով գիտական կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովում։ «Շատ կարևոր է, որ սովորողները գնահատեն սովորողներին։ Դա հանրակրթության նոր չափորոշչի գնահատման մեթոդաբանություններից մեկն է, երբ աշակերտը սովորում է գնահատել իր հասակակցի աշխատանքը»,- փաստել է նախարարը՝ հավելելով, որ փառատոնը կարևոր է նաև միջազգային հարթակներում աշակերտների մասնակցությունը խրախուսելու առումով։

Մասնագիտական հանձնաժողովի անդամները ևս ներկայացրին փառատոնից ստացված իրենց տպավորությունները: Բոլորը միակարծիք էին նախաձեռնության կարևորության, շարունակականության և աշակերտների ու մանկավարժների հետագա վերապատրաստումների, ոլորտային բուհերի և գիտական կազմակերպությունների հետ մշտական կապի անհրաժեշտության վերաբերյալ:

Կենսաքիմիկոս Նիկոլայ Ավթանդիլյանի /ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ/ խոսքերով՝ կենսաբանության ոլորտում առավել շատացել էին տեսական նախագծերը՝ ի համեմատ նախորդ տարիների, երբ գերակշռում էին ավելի փորձարարական բնույթի նախագծեր:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի փոխդեկան Արմեն Գալստյանը դրական գնահատեց քիմիա անվանակարգում ներկայացված նախագծերը հետազոտության պլանավորման տեսանկյունից՝ հատկապես ընդգծելով միջոլորտային ծրագրերի առկայությունը: Նա նաև կարևորեց դպրոց-գիտություն կապը, սակայն ընդգծեց, որ աշակերտներն իրենց սեփական գաղափարները պետք է տանեն լաբորատորիա և գիտնականների օգնությամբ դրանք կյանքի կոչեն:

Անդրադառնալով ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտների նախագծերին՝ հանձնաժողովի անդամներ Հայկ Զաքարյանը, Մուշեղ Ռաֆայելյանը և Հրանտ Խաչատրյանը /ԵՊՀ/ կարևորեցին ոչ միայն աշակերտների, այլ նաև ուսուցիչների սերտ համագործակցությունը բուհերի և գիտական կազմակերպությունների հետ՝ առկա հետաքրքիր գաղափարները միջազգային մակարդակով մրցունակ դարձնելու համար:

Այս տարի աճել է նաև հասարակագիտական նախագծերի թե՛ քանակը, թե՛ որակը, գոհունակությամբ փաստում է պատմաբան Համո Սուքիասյանը /ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ/՝ նշելով, որ նրանցից շատերը, դասական հետազոտություններին զուգահեռ, ուղղված են նաև կիրառական արդյունքի ձեռքբերմանը: Ըստ Սուքիասյանի՝ փառատոնի մասին իրազեկությունը աշակերտների և ուսուցիչների շրջանում պետք է էլ ավելի բարձրանա:

Կից հղմամբ հրապարակվել են 2024թ. գիտության փառատոնի հաղթող նախագծերը, այդ թվում նրանք, որոնք հնարավորություն կստանան մասնակցելու Լեհաստանում կայանալիք «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին։

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: