ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամփոփվում են «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի արդյունքները

16.05.2023

Մայիսի 16-17-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում ընթանում է ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ամփոփիչ գիտաժողովը:

«Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը ԵՄ «Հորիզոն 2020» թվիննինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:

Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, ինչպես նաև միավորելով մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը:

Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր և այլն:

Հիշեցնենք, որ ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար:

Մայիսի 17-ին «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակվի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովով: Համատեղ ծրագրերի խթանման նպատակով նույն օրը նախատեսվում է “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և հանդես գալ համագործակցության առաջարկներով:

Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակում:

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից և  տեսանյութից