ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«ՔԵՆԴԼ» նախագծի համակարգող խորհրդի պատվիրակության այցը Ֆրանսիա

05.08.2010

Հուլիսի 29-30-ը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի գլխավորած «ՔԵՆԴԼ» նախագծի համակարգող խորհրդի պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպումներ ունեցավ պետական կառույցների ներկայացուցիչների  հետ՝ ուղղված Հայաստանում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի իրագործման խթանմանը և այդ նախագծում Ֆրանսիայի հնարավոր մասնակցությանը:

 

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ կառավարության կողմից լիազորված «Քենդլ» նախագծի ներկայացուցիչ Ֆիլիպ Րաֆֆի Կալֆայանը և «ՔԵՆԴԼ» նախագծի ղեկավար Վասիլի Ցականովը:

 

Երկօրյա այցելության ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների նախարարության, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) ԱՊՀ երկրների հետ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների, Ատոմային և այլընտրանքային էներգիայի հանձնաժողովի (CEA) ղեկավարի հետ:

 

Հանդիպումների ընթացքում ֆրանսիացի պաշտոնյաները կարևորել են «ՔԵՆԴԼ» նախագծի դերը միջազգային և տարածաշրջանային համագործակցության առումով, ինչպես նաև դրական են գնահատել նախագծի գիտական մակարդակը: Նրանք պատրաստակամություն են հայտնել աջակցել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացմանը, այդ թվում` ցուցաբերել փորձագիտական աջակցություն:

 

Պատվիրակությունն այցելել է նաև Սակլեում գտնվող «Սոլեյ» (SOLEIL) սինքրոտրոնային կենտրոն և քննարկել «ՔԵՆԴԼ» կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները:


Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին