ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիայի բացում

13.04.2018
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Ապրիլի 13-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացվեց Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիա: Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ-ի, Յենայի (Գերմանիա) Մարդու գենետիկայի ինստիտուտի, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի, ՀՀ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լաբորատորիան ստեղծվել է 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի  շրջանակներում: Լաբորատորիան ղեկավարելու է Յենայի (Գերմանիա) Մարդու գենետիկայի ինստիտուտի մոլեկուլային բջջագենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոկտոր Թոմաս Լիրը:

Բացման ժամանակ ԵՊՀ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը համառոտ ներկայացրեց ամբիոնի և Յենայի Մարդու գենետիկայի ինստիտուտի միջև ավելի քան 15 տարվա համագործակցության հիման վրա իրականացված աշխատանքները` նշելով, որ կատարվել են գիտնականների և ուսանողների ավելի քան 45 գործուղումներ, տպագրվել է մոտ 100 գիտական աշխատանք։ Նա հատուկ անդրադարձավ «Շպրինգեր» հրատարակչության կողմից Թոմաս Լիրի խմբագրությամբ վերջերս տպագրված «Քրոմոսոմների ֆլորեսցենտ ներկման Ֆիշի հանրագիտարանին», որի 2 գլուխը հայ-գերմանական գիտական խմբի հեղինակությամբ է:

Միջոցառման ժամանակ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Ռուզան Ասատրյանը Թոմաս Լիրին հանձնեց Գիտության կոմիտեի պատվոգիր` գիտության ոլորտում երկարամյա անձնվեր ու արդյունավետ աշխատանքի, մասնավորապես, ԵՊՀ-ում մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիայի ստեղծման գործում ունեցած բացառիկ ավանդի համար:

Բացման արարողությունից հետո աշխատանքն սկսեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի  ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Յենայի Մարդու գենետիկայի ինստիտուտի միացյալ աշխատաժողովը` նվիրված նորաբաց լաբորատորիայի աշխատանքներին: Աշխատաժողովին դասախոսություններով հանդես կգան նաև Թոմաս Լիրն ու լաբորատորիայի աշխատակից, Յենայի համասարանի դոկտոր Անիա Վեյսեն:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին մտադրությունների հուշագրի» շրջանակներում Գիտության կոմիտեն արդեն կազմակերպել է համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող հայ-գերմանական գիտական ծրագրերի աջակցության մրցույթներ, որոնց շրջանակներում ֆինանսավորվել է նաև Թոմաս Լիրի և Գալինա Հովհաննիսյանի  «Մարդու բջիջներում մակածված քրոմոսոմային խաթարումների տեղայնացման ուսումնասիրությունը տարածական եռաչափ մոլեկուլային բջջագենետիկական մոտեցումների օգնությամբ» համատեղ ծրագիրը: Այդ և նման գիտական ծրագրերի բարձր արդյունավետությունից ելնելով էլ` ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել այդ համագործակցության շրջանակները` անցնելով առավել լայնածավալ գիտահետազոտական ծրագրերի աջակցության:

Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիան գործելու  է 3 տարի ժամկետով: Առաջին փուլում, որի ֆինանսավորման ծավալը 4703,0 հազար դրամ է, լաբորատորիայի շրջանակներում իրականացվելիք ծրագիրն ուղղված է լինելու, մասնավորապես, հատուկ թեմատիկ ոլորտներում ենթակառուցվածքային կարիքների բացահայտմանը, համագործակցության զարգացման կարճաժամկետ հեռանկարների, բիզնես պլանի մշակմանը, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող փոքր խմբերի ստեղծմանը, համատեղ գիտական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը և այլն: Նախատեսվում է համատեղ սեմինարների կազմակերպում, գիտական գործուղումներին աջակցություն, երիտասարդ գիտնականներին օժանդակություն:

2018 թ. հուլիսից կմեկնարկի լաբորատորիայի գործունեության երկրորդ փուլը` 2 տարի ժամկետով և տարեկան մինչև 15 000 եվրո բյուջեով: Սա կլինի ծրագրի բուն ներդրման փուլը, որի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի կայուն համագործակցության կառույցների ստեղծմանը, ինչը թույլ կտա ապահովել լաբորատորիայի գործունեության համար միջնաժամկետ և երկարաժամկետ գործունեության պլան:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին