ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կնքվել է փոխըմբռնման հուշագիր Արևելյան գործընկերության երկրների միջև

28.06.2016

Հունիսի 27-ից 28-ը Թբիլիսիում կայացել է Արևելյան գործընկերության երկրներում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության գնահատման հարթակի երրորդ աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Արևելյան գործընկերության երկրներում գիտության, տեխնոլոգիաների և նորարարության գնահատման տարածաշրջանային հարթակի հիմանդրման մասին» փոխըմբռնման հուշագիրը, որի ստորագրող կողմերն են` Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Ուկրաինան: Հայաստանի կողմից փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:

Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կընձեռի Արևելյան գործընկերության երկրներին գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում ստեղծել տարածաշրջանային գնահատման հարթակ, որի նպատակն է անդամ-պետությունների համար միասնական գիտական և գիտատեխնիկական փորձագիտական համակարգի և անկախ փորձագետների շտեմարանի ստեղծումը, գիտական փորձաքննության ոլորտում Եվրոմիության ձևաչափերի ու ստանդարտների կիրառումը և այլն:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն համակարգելու է փոխըմբռնման հուշագրի շրջանակներում անկախ փորձագետների միացյալ շտեմարանի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև` ձևաչափերի ու չափանիշների համաձայնեցման գործընթացը, իսկ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվելիք 6 գործընթացներում կոմիտեն հանդես է գալու որպես մասնակից համակարգող:

Հանդիպման ընթացքում Շոթա Ռուսթավելու անվան ազգային գիտական հիմնադրամի տնօրեն Մ. Չիթաշվիլու հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: