ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կնախապատրաստվի հանրապետական գիտատեղեկատվական էլեկտրոնային ցանցերի ստեղծման ծրագիր

25.05.2009

Մայիսի 22-ին գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հանդիպեց ԱՄՆ քաղաքական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի ավագ փոխնախագահ Էրիկ Նավոտնու գլխավորած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվեցին գիտության բնագավառում ՀՀ կառավարության եւ  հիմնադրամի համագործակցության վերաբերյալ հարցեր:


Հանդիպման ժամանակ խոսվեց հիմնականում Հայաստանի էլեկտրոնային գիտական գրադարանների միասնական ցանցի ստեղծման մասին:  Ինչպես մանրամասնեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, 2010 թվականին կմշակվի  նպատակային ծրագիր, որի հիմնական խնդիրը կլինի հանրապետությունում գիտական գրականություն ունեցող գրադարանների նյութերը  էլեկտրոնային տարբերակով մեկ միասնական ցանցի մեջ ընդգրկելը: Սկզբնական փուլում կընդգրկվեն այդ առումով հանրապետության 4 խոշորագույն կենտրոնները՝ Մատենադարանը, Հայաստանի ազգային գրադարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի գրադարանները: Հետագայում ցանցին կմիանան նաև այլ գիտական գրադարաններ:
էլեկտրոնային գիտական գրադարանների հանրապետական միասնական ցանցի ստեղծումը կդառնա եվրոպական գիտատեղեկատվական ցանցերին ինտեգրվելու ծրագրի առաջին քայլը, իսկ միջազգային նման ցանցերին ինտեգրվելը հայ գիտնականների համար մեծ հնարավորություններ կստեղծի՝ գիտական տարբեր շտեմարաններից օգտվելու, միջազգային գիտական ամսագրերի և կենտրոնների հետ կապեր ունենալու, հայկական գիտական ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար:


ԱՄՆ քաղաքական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը պատրաստ է այս հարցում  օժանդակել ՀՀ կառավարությանը՝ համաֆինանսավորման սկզբունքով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին