ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Կոմիտեն հստակեցնում է...

30.06.2017

Օրերս մամուլում հրապարակվել է «Գիտության պետական կոմիտեն խախտել է գիտնականների իրավունքները». գիտնականները ստորագրահավաք են սկսել» վերնագրով հոդված, որի վերաբերյալ կոմիտեն ստորև ներկայացնում է իր պաշտոնական տեսակետը.

«Գիտական մրցութային թեմաների ղեկավարների տարիքի սահմանափակման (անձը, որի 70 տարին չի լրացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը) դրույթն առաջին հերթին բխում է գիտության ոլորտի երիտասարդացմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերից՝ նպատակ ունենալով խթանել կադրերի առաջընթացը, ճանապարհ հարթել  երիտասարդ գիտնականների համար, որոնք այդ ճանապարհով պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները՝ միաժամանակ, ապահովելով ոլորտում սերնդափոխության բնականոն ընթացքը: Ընդ որում, տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն ղեկավար լինելուն և ամենևին չի սահմանափակում նրանց աշխատելու իրավունքը, այդ թվում՝ ընդգրկվել տվյալ գիտական թեման կատարողների կազմում: Ավելին, հարկ է նշել, որ գիտական հայտ ներկայացնող խմբերի անդամները հիմնականում ընդգրկված են բազային ֆինանսավորման ծրագրերում, և գիտական մրցութային ծրագրերը նրանց համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և աշխատանք:

Բացի այդ, տարիքային սահմանափակման դրույթն, ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմ է. հաշվի են առնվում անձի թե՛ ֆիզիոլոգիական վիճակը, թե՛ ժամանակակից մեթոդներին տիրապետելու ունակությունը, թե՛, ընդհանրապես, վարչական կամ այդպիսի տարրեր պարունակող աշխատանքին հակված լինելու հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, որ խմբի ղեկավարի համար տարիքային սահմանափակման դրույթը ոչ մի կերպ չի կարող խաթարել խմբի աշխատանքը, եթե խմբում առկա է 70 տարեկանից ցածր առնվազն մեկ մասնագետ, ով կարող է բավարարել հայտում նշված՝ միջազգայնորեն ընդունելի և ընկալելի պայմանները: Հակառակ դեպքում, նման կադրերի բացակայությունը խմբում կարող է կասկած առաջացնել թեմայի հաջող իրականացման կապակցությամբ, քանի որ 4-5 հոգու համար նախատեսված գիտական աշխատանքը չի կարող կատարվել կամ պայմանավորված լինել միայն 1 կատարողի գործոնով:

Եվ, որպես վերջաբան, հարկ է նշել, որ փոխարինող պատրաստելը համարվում է գիտական գործունեության և գիտական աշխատողի կարևորագույն գործառույթներից մեկը: Եթե գիտնականը մինչև 70 տարեկանը չի պատրաստել գործին տիրապետող «երիտասարդ» մասնագետ, այն էլ այն դեպքում, երբ «երիտասարդ» հասկացությունը վերաբերում է մինչև 70 տարեկան տարիքային միջակայքին, ապա նույն խնդիրը կառաջանա թեմայի կատարումից հետո՝ 2 տարի անց, իսկ տվյալ թեմայի հետագա ճակատագիրն ու շարունակականությունն ընդհանրապես պարզ չեն...

Ի վերջո, վերոնշյալ մոտեցման հիմքում դրված է գիտության ոլորտից տաղանդավոր երիտասարդ կադրերի օրեցօր ահագնացող արտահոսքին խոչընդոտելու միտումը, իսկ արտահոսքն, ի դեպ, մեզ՝ գիտության ոլորտի պատասխանատուներիս և, հույս ունենք, նաև նամակի հեղինակներին, շատ է մտահոգում»:

Հիշեցնենք՝ Գիտության պետական կոմիտեի նախագահի  2017 թվականի մայիսի 11–ի հրամանով կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2018» միջազգային մրցույթը: Մրցույթի հրավերի 2-րդ մասի 2.4 ենթակետով սահմանվել են ծրագրերի ղեկավարներին առաջադրվող պահանջները, համաձայն որի՝ ղեկավար կարող է լինել գիտական աստիճան ունեցող անձը (որի 70 տարին չի լրացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը)...