ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ասուլիս «Փաստարկ» ակումբում

12.09.2012

Սեպտեմբերի 12-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը, որտեղ նա անդրադարձավ 2012 թ. կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններին:

 

Ս. Հարությունյանն անդրադարձավ տարվա ընթացքում բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին, ՀՀ կառավության որոշումներին ու Գիտության պետական կոմիտեի  մշակած իրավական ակտերի նախագծերին: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին, ինչպես նաեւ՝ Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են ՀՀ-ում գիտական կենտրոնների ձեւավորման նոր սկզբունքները, չափանիշները եւ կարգը, Քենդլ» սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ «Քենդլի» գործունեությունը համակարգելու համար լիազոր մարմին է նշանակվել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն, ինչպես նաեւ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը:

 

Անդրադառնալով 2012-ին ամփոփված գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթների արդյունքներին՝ Ս. Հարությունյանը նշեց, որ 6 ծրագիր ֆինանսավորվել է հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքում, 4 ծրագիր՝ Ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով անցկացվող գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում:

 

Ներկայումս ընթանում է հայտարարված երկու միջազգային մրցույթների (հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի մրցույթ ու ՀՀ ԿԳՆ եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող գիտական ծրագրերի մրցույթ) հայտերի ընդունումը:

 

Մինչեւ տարեվերջ կոմիտեն նախատեսում է անցկացնել եւս մի քանի մրցույթ՝ երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության, այդ թվում՝ ասպիրանտների անհատական աջակցության, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի մրցույթներ: Կանցկացվի նաեւ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարների տրամադրման մրցույթ, որի արդյունքում ընտրված 100 գիտնականներ կստանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

 

Այս տարվա ընթացքում կոմիտեում ամփոփվել են նախորդ տարիներին անցկացված մրցույթների արդյունքում ֆինանսավորված ծրագրերի եւ թեմաների հաշվետվությունները: Այսպիսով՝ մասնագիտական փորձագիտական խորհուրդների կողմից հաստատվել եւ ընդունվել են 2011-2012 թթ. գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ հաշվետվությունների փորձաքննության արդյունքները: Ամփոփվել է IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի 2-ամյա գործունեությունը: Անցած 2 տարիների ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում եւ ժողովածուներում տպագրվել են 45 աշխատանք, միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: Նոր մակարդակի վրա է դրվել գիտական կադրերի պատրաստման խնդիրը. համատեղ ասպիրանտուրայի ծրագրում ներգրավված են 6 ասպիրանտ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները Հայաստանում եւ ստացել են թե՛ հայկական, եւ թե՛ ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ: Իրագործվել է 35 փոխադարձ այցելություն՝ համատեղ գիտական աշխատանքի, ասպիրանտների պատրաստման, Հայաստանում եւ Ֆրանսիայում միջազգային գիտաժողովների մասնակցության համար: Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունները:

 

Կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը եւ «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր՝ «Մոստ», որն ընթերցողին կծանոթացնի Հայաստանում եւ արտասահմանում գիտության, տեխնիկայի եւ բժշկության ձեռքբերումներին:

 

Կոմիտեի ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի մի շարք ռեսուրսներ:

 

Ս. Հարությունյանը նաեւ լրագրողներին ներկայացրեց  «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ կատարված վերջին աշխատանքները: Նա նշեց, որ հունիսի 26-28-ը «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտում կայացած AREAL լազերային բարձր հաճախականային գծային արագացուցչի միջազգային տեխնիկական փորձագիտական խորհրդի առաջին նիստի ժամանակ Գերմանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի առաջատար գիտնականներից կազմված փորձագետների հետ քննարկվել են «Քենդլ» նախագծի առաջին փուլի` AREAL գծային արագացուցչի հաջող իրականացման համար անհրաժեշտ քայլերը: AREAL նախագիծն իրականացվում է Գերմանիայի եւ Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակ­ցությամբ, որոնք փորձագիտական աջակցությունից բացի պատրաստ են ինստիտուտին անհատույց տրամադրել ժամանակակից սարքավորումներ: AREAL-ի իրականացման ընթացքում կփորձարկվեն «Քենդլ»  սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիմքում ընկած համակարգերը:

 

Ներկայումս նախատեսվում է ավարտել AREAL գծային արագացուցչի համար անհրա­ժեշտ ենթակառուցվածքի պատրաստման աշխատանքները, գործարկել  բարձր հաճախա­կա­նության, վակուումային, վերահսկման եւ ղեկավարման համակարգերի հիմնական փորձարարական սթենդները: Նոր սարքավորումների տեղադրման եւ հավաքման աշխա­տանք­ները նախատեսվում է կատարել նոյեմբերին: AREAL գծային արագացուցչի կարգա­բերման ու շահագործման ժամկետը 2013 թ. մայիսն է:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին