ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայաստանը ստորագրել է «ՄԳՏԿ գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը

11.12.2015

2015 թ. դեկտեմբերի 8-11-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) համակարգողների խորհրդի և կառավարիչների խորհրդի 61-րդ հանդիպումներին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԳՏԿ նախորդ նստաշրջանների արձանագրությունները, 2015 թ. բյուջեի հաշվետվությունը, 2016 թ. բյուջեի նախագիծը, ինչպես նաև ՄԳՏԿ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ այլ հարցեր:

Քննարկումների ընթացքում հատուկ անդրադարձել են ՄԳՏԿ ֆինանսավորման ձևերի դիվերսիֆիկացիայի խնդրին: Հայկական կողմն առաջարկել է ՄԳՏԿ կողմից ֆինանսավորել նաև տարածաշրջանային նշանակության ծրագրեր, մասնավորապես, սեյսմիկ անվտանգության խնդիրների ուսումնասիրման վերաբերյալ: Առաջարկվել է առաջիկայում Վրաստանի հետ համատեղ իրականացնել պիլոտային ծրագիր:


Նստաշրջանի ընթացքում ՄԳՏԿ-ի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել 5 ծրագիր, որոնցից մեկը, 345 000 դոլար արժողությամբ, Հայաստանից: Հաղթած հայկական ծրագիրը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ղազախական KazFOAM ընկերության հետ համատեղ:

ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 61-րդ հանդիպման ընթացքում ստորագրվել է «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը: Որպես ՀՀ Նախագահի կողմից լիազորված անձ, փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՄԳՏԿ-ն միջպետական կազմակերպություն է, որի անդամ են 38 պետություններ: Կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի կողմից՝ հետխորհրդային երկրների գիտնականների ծրագրերի ու հետազոտությունների ֆինանսավորման նպատակով: Հետագայում կենտրոնին են միացել այլ երկրներ, այդ թվում՝ 1994 թ.-ից՝ Հայաստանը:  2015 թ.-ից Ռուսաստանը դադարեցրել է իր անդամակցությունը ՄԳՏԿ-ին, ինչի կապակցությամբ էլ ՄԳՏԿ կենտրոնական գրասենյակը պաշտոնապես տեղափոխվել է Աստանա: