ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Կայացավ քննարկումների հարթակի հերթական հանդիպումը

03.05.2019

Մայիսի 3-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում անցկացվեց գիտության ոլորտին նվիրված ամենամսյա քննարկումների հարթակի հերթական հանդիպումը` «Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը» թեմայով:

Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳ նախարարի 2019 թ. ապրիլի 23-ի N 390-Ա/2 հրամանով հաստատվել են գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները և չափանիշները, և ընդհանուր գծերով ներկայացրեց դրանք:

Պարոն Սահակյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ Գիտության  կոմիտեում մշակվելու է կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանություն, ինչի  համար ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկվել ցանկացողները մինչև 2019 թ. մայիսի 10-ը կարող են դիմել կոմիտե: Վ. Սահակյանը քննարկման մասնակիցներին կոչ արեց այդ խմբերում ընդգրկվելու համար ներկայացնել դիմումներ:

Քննարկվեցին գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատմանն առնչվող տարբեր հարցեր, մասնավորապես, գիտական ամսագրերի հավաստագրման գործընթացի, կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների հավաստիության ստուգման,  կազմակերպությունների գործունեությանը վերաբերող տեղեկատվության, մասնավորապես, աշխատակիցների կողմից հրապարակված հոդվածների տվյալների առցանց մուտքագրման վերաբերյալ հարցեր:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը  ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նիստերի դահլիճում կազմակերպվում են գիտության ոլորտին նվիրված քննարկումներ: Հարթակի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով հանդիպումներն այսուհետ կունենան թեմատիկ ուղղվածություն: