ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

ՄՀՄԻ հերթական նստաշրջանը Դուբնայում

04.04.2018

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 26-27-ը ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակության կազմում ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցել է ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին:

2018 թ. մարտի 26-ին կայացել է «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» խորագրով միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ելույթ են ունեցել ՄՀՄԻ տնօրեն Վ. Մատվեևը, ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահ,  ՌԴ ԿԳ փոխնախարար Գ. Տրուբնիկովը, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը և այլոք (մանրամասն` «Մեկնարկել է «ՄՀՄԻ - նոր դարաշրջանի 25 տարին» գիտաժողովը» նյութում):

Ս.թ. մարտի 27-ին կայացած ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նիստում քննարկվել են ՄՀՄԻ գիտական խորհրդի 123-րդ նստաշրջանի առաջարկությունները, գիտահետազոտական աշխատանքների, հիմնարար հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ միջազգային ծրագրերի կատարման ընթացքը,  ՄՀՄԻ 2017թ. գործունեության արդյունքները, «Գերհամակարգիչ» արդեն իսկ գործող համակարգի իրականացրած ծրագրերը, ՄՀՄԻ երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները և այլ հարցեր:

Նիստում ընդունվել է ՄՀՄԻ 2017թ. բյուջեի կատարողականը,  հաստատվել է 2018 թ. բյուջեն, 2018 թ. մարտի 23-ից 24-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արձանագրությունը, ՄՀՄԻ գիտական խորհրդի անդամների նոր ցուցակը:

Նիստերի ժամանակ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է ՄՀՄԻ կողմից գիտական աստիճանաշնորհման լիազորություններին, նշելով, որ ՄՀՄԻ անդամ-պետությունների կողմից դրա իրավունքների ճանաչման համար անհրաժեշտ է գիտական աստիճանաշնորհման խորհրդի կազմում ընդգրկել  ՄՀՄԻ անդամ-պետությունների մասնագետներին նույնպես: Ելույթի ընթացքում Ս. Հարությունյանը նշել է ՄՀՄԻ անդամ-պետությունների համար գիտական աստիճանների դիպլոմների փոխճանաչման վերաբերյալ միջպետական համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին: Ելույթում բարձրացված հաջորդ թեման Դուբնայի համալսարանի հենքի վրա Տեխնիկական բարձրագույն դպրոցի ստեղծմանը Հայաստանի գործուն մասնակցության մասին էր: Ս. Հարությունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է Դուբնա գործուղել ինչպես բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ դպրոցում դասավանդելու, այնպես էլ ուսանողների՝ մասնագիտական կրթություն ստանալու նպատակով:

Նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանն ունեցել է մի շարք հանդիպումներ: Մասնավորապես՝ ՌԴ ԿԳ փոխնախարար Գ. Տրուբնիկովի հետ քննարկել է Գերհամակարգչային կենտրոնում հայաստանյան գիտնականների կողմից աշխատանքների կատարման հնարավորությունը: Վերոնշյալ կենտրոնն իր հզորությամբ հինգերորդն է ամբողջ Եվրոպայում: ՄՀՄԻ տնօրեն Վ. Մատվեևի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ս.թ. հունիսի երկրորդ կեսին Դուբնայում Հայաստանի օրեր անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել է Յուրի Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակացույցը:  

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանը որոշվել է անցկացնել 2018 թ. նոյեմբերին Բուխարեստում:

 

Լուսանկարում` Գիտաժողովի մասնակիցներն այցելել են ՄՀՄԻ Միջուկային ռեակցիաների և բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիաներ, որոնցում ստեղծվել են Գերծանր էլեմենտների ֆաբրիկան և NICA փորձարարական համալիրը: